Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Դոնալդ Թրամփ. Աշխարհը ուժեղ ու բարգավաճող Ամերիկայի վերածննդի վկան է

Դոնալդ Թրամփ. Աշխարհը ուժեղ ու բարգավաճող Ամերիկայի վերածննդի վկան է
28.01.2018 | 14:38

Ինձ համար մեծ պատիվ է այս համաժողովին մասնակցելը, որտեղ երկար տարիներ հավաքվում են բիզնեսի, գիտության, արվեստի, դիվանագիտության ու միջազգային գործերի ղեկավարները, որ քննարկեն ինչպես հասնել բարգավաճման, անվտանգության ու խաղաղության: Այսօր ես այստեղ եմ, որ ներկայացնեմ ամերիկյան ժողովրդի շահերը և հաստատեմ լավագույն աշխարհի կառուցման մեջ բարեկամության ու գործընկերության Ամերիկայի պատրաստակամությունը: Ինչպես համաժողովում ներկայացված բոլոր երկրները, Ամերիկան հույս ունի ապագայի, որտեղ յուրաքանչյուրը կարող է բարգավաճել ու յուրաքանչյուր երեխա կարող է մեծանալ բռնությունից, աղքատությունից ու վախից ազատ: Անցյալ տարի մենք ԱՄՆ-ում հասել ենք նշանակալից հաջողությունների: Մենք օգնում ենք երկրի մոռացված բնակիչներին, ստեղծում ենք նոր գրավիչ հնարավորություններ և օգնում ենք յուրաքանչյուր ամերիկացու գտնել ամերիկյան երազանքի իր ճանապարհը` լավ աշխատանքի, անվտանգ տան ու իր երեխաների համար ավելի լավ կյանքի երազանքի: Ստագնացիայի երկար տարիներից հետո ԱՄՆ-ում նորից նշանակալից տնտեսական աճ կա: Ֆոնդային շուկան ռեկորդ ռեկորդի հետևից է խփում, իմ ընտրությունից հետո ֆոնդային շուկայի ակտիվները 7 տրիլիոն դոլարով մեծացել են: Սպառողական վստահությունը, ձեռնարկատիրական վստահությունը և արտադրական վստահությունը վերջին տասնամյակի ամենաբարձր մակարդակին են հասել: Իմ ընտրության պահից մենք ստեղծել են 2,4 միլիոն նոր աշխատատեղ: Փոքր բիզնեսի ոլորտում գործարար լավատեսությունը ռեկորդային բարձր մակարդակի է: Համարյա նվազագույն մակարդակի է հասել գործազրկության նպաստների դիմումների թիվը, որ կես դար մենք չէինք տեսել: Աֆրոամերիկացիների գործազրկությունը դիտարկումների պատմության մեջ ամենացածր մակարդակում է: Նույնը վերաբերում է ԱՄՆ-ում բնակվող լատինամերիկացիների գործազրկության մակարդակին:


Աշխարհը ուժեղ ու բարգավաճող Ամերիկայի վերածննդի վկան է:
Ես այստեղ եմ, որ ձեզ փոխանցեմ պարզ միտք` հիմա ամենահարմար ժամանակն է աշխատանքի վերցնելու, վարձակալելու ու ներդրումներ անելու ԱՄՆ-ում: ԱՄՆ-ը բաց է բիզնեսի համար, և մենք նորից մրցունակ ենք: ԱՄՆ-ի տնտեսությունը, անկասկած, խոշորագույնն է աշխարհում, մենք վերջերս հաստատեցինք հարկերի նշանակալից կրճատման օրինագիծը և ԱՄՆ պատմության մեջ ամենամասշտաբային հարկային բարեփոխումը: Մենք նշանակալից կրճատում ենք փոքր ու միջին դասի հարկերը, որ աշխատող ընտանիքները ավելի շատ փող իրենց պահեն: Մենք իջեցրել ենք կորպորատիվ հարկի տոկոսադրույքը 35 % -ից` 21 %: Արդյունքում միլիոնավոր աշխատողներ իրենց գործատուներից հարկային արտոնություններ են ստացել մինչև 3000 դոլար: Մենք սպասում ենք, որ հարկերի իջեցումը ընտանիքների միջին եկամուտը 4000 դոլարով կբարձրացնի: Աշխարհի խոշորագույն Apple ընկերությունը հայտարարեց, որ արտասահմանում աշխատած 245 միլիարդ դոլարի շահույթը տուն` ԱՄՆ, կվերադարձնի: Նրա ընդհանուր ներդրումը ԱՄՆ տնտեսության մեջ 350 միլիարդ դոլարից շատ է:


Հիմա իդեալական ժամանակ է սեփական բիզնեսը, աշխատատեղերը, ներդրումները ԱՄՆ տեղափոխելու համար: Դա հատկապես ճիշտ կլինի, որովհետև մենք նշանակալից կրճատել ենք նորմատիվների թիվը, որ երբևէ ծրագրվել են: Նորմատիվը, կարգավորումը թաքնված հարկում է: ԱՄՆ-ում, ինչպես շատ այլ երկրներում, ոչ ընտրովի պաշտոններում բյուրոկրատները մեր քաղաքացիներին են պարտադրում սպանիչ իրավական նորմեր` բիզնեսի ու աշխատավորների դեմ: Ընդ որում` այդ նորմատիվները ոչ քվեարկվում են, ոչ քննարկվում օրենսդիր մարմիններում ու ոչ մի պատասխանատավություն չունեն: ԱՄՆ-ում դրան վերջ է տրված: Ես խոստացել եմ յուրաքանչյուր նոր նորմատիվ մտցնելիս երկու անպետք նորմատիվ հանել: Ստացվում է, և արդյունքները գերազանցում են ամենահամարձակ սպասումները: Մենք հանել ենք 22 անպետք նորմատիվ: Մենք ազատում ենք մեր ընկերություններն ու աշխատողներին կաշկանդումներից, այդ պատճառով նրանք կարող են հաջողության հասնել ու բարգավաճել ինչպես նախկինում երբեք: Մենք ստեղծում ենք մթնոլորտ, որը կապիտալ է գրավում, ներդրումներ ու խրախուսում է ԱՄՆ-ի արտադրությունը, այս երկիրը բիզնես վարելու համար է, եկեք Ամերիկա, որտեղ կարող եք ձեր նորամուծություններն անել, ստեղծել ու կառուցել: Ես հավատում եմ Ամերիկային: Իբրև ԱՄՆ նախագահ` ես միշտ Ամերիկան առաջին տեղում եմ դնում: Ճիշտ նույն կերպ մյուս երկրների ղեկավարները առաջին տեղում են դնում իրենց երկրները: Բայց «Ամերիկան նախ և առաջ» չի նշանակում «Միայն Ամերիկան»:

Երբ զարգանում է ԱՄՆ-ը, զարգանում է աշխարհը: Ամերիկայի բարգավաճումը նպաստեց ամբողջ աշխարհում բազմահազար աշխատատեղերի ստեղծմանը: Կատարելության, ստեղծարարության ու իննովացիաների ձգտումը ԱՄՆ-ում հանգեցրեց կարևոր հայտնագործությունների, որ օգնում են մարդկանց ամբողջ աշխարհում ավելի լավ ապրել ու ավելի առողջ կենսակերպ ունենալ: Ինչպես ԱՄՆ-ում ներքին բարեփոխումներ են անում նոր աշխատատեղերի ստեղծման ու տնտեսական աճի ապահովման համար, նույն կերպ աշխատում ենք միջազգային առևտրի համակարգի բարեփոխման հետ, որ նպաստի համընդհանուր բարգավաճմանը և խրախուսի նրանց, ովքեր խաղում են կանոններով: Մենք չենք կարող ազատ ու բաց առևտուր անել, եթե որոշ երկրներ այդ համակարգն օգտագործում են մյուսների հաշվին: Մենք աջակցում ենք ազատ առևտուրը, բայց առևտուրը պետք է լինի արդար ու փոխշահավետ: Որովհետև անարդար առևտուրը ի վերջո վնասում է բոլորիս: ԱՄՆ-ը այլևս չի փակելու աչքերը անարդար տնտեսական պրակտիկայի վրա, ներառյալ ինտելեկտուալ սեփականության, արդյունաբերական սուբսիդիաների զանգվածային թալանը և ամենուր տարածված տնտեսության պետական պլանավորումը: Այս և վարքագծի այլ գիշատիչ մոդելներ նպաստում են գլոբալ շուկաների ձևախեղմանը և վնասում են ընկերություններին ու աշխատողներին` ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում: ՈՒրիշ երկրների ղեկավարների նման, որ ինչպես ես հույս ունեմ, պաշտպանելու են իրենց երկրների շահերը, ես, իբրև ԱՄՆ նախագահ, միշտ պաշտպանելու եմ իմ երկրի, մեր ընկերությունների, մեր աշխատողների շահերը:


Մենք կապահովենք մեր առևտրային օրենքների կատարումը և կվերականգնենք առևտրական համակարգի հուսալիությունը: Միայն պնդելով արդար ու փոխշահավետ առևտուրը, մենք կարող ենք ստեղծել համակարգ, որ աշխատում է ոչ միայն ԱՄՆ-ի համար, այլև բոլոր երկրների: ԱՄՆ-ը պատրաստ է բանակցություններ վարելու փոխշահավետ երկկողմ առևտրական համաձայնագրերի համար բոլոր երկրների հետ: Դա վերաբերում է և 11 երկրներին, որ Խաղաղօվկիանոսյան գործընկերության անդամ են: Մի քանիսի հետ մենք արդեն պայմանավորվածություններ ունենք, կարող ենք քննարկել և մյուսների հետ բանակցելու հնարավորությունը` յուրաքանչյուրի հետ առանձին կամ խմբով, եթե դա բխի մեր շահերից: Իմ վարչակազմը նույնպես օպերատիվ քայլեր է ձեռնարկում վերականգնելու վստահությունն ու ԱՄՆ-ի անկախությունը: Մենք հանում ենք էներգիայի արտադրության կամավոր ներդրված սահմանափակումները, որ ապահովենք մեր քաղաքացիների ու ընկերությունների համար մատչելի գնով էներգիա, օգնենք մեր բարեկամներին ամբողջ աշխարհում էներգետիկ անվտանգություն ապահովել: Ոչ մի երկիր չպետք է էներգիայի մեկ մատակարարի պատանդ լինի: Ամերիկան հետ է բերում բաց թողածը և հիմա ժամանակն է ներդրումներ անել ԱՄՆ-ի ապագայում: Մենք կտրուկ կրճատել ենք հարկերը, որ ԱՄՆ-ը մրցունակ դարձնենք: Մենք ռեկորդային տեմպերով հանում ենք խանգարող օրենքներն ու նորմատիվները: Մենք բարեփոխում ենք չինովնիկների ապարատը, որ այդքան ուռճացված չլինի, օպերատիվ գործի ու արդյունավետ, պատասխանատու լինի իր քայլերի համար: Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որ մեր օրենքները հավուր պատշաճի պահպանվեն: Մեր քոլեջներն ու համալսարանները լավագույնն են աշխարհում և մերն են լավագույն աշխատողները: Մենք էժան էներգիա շատ ունենք: Հիմա Ամերիկա գալու ճիշտ ժամանակն է:
Մենք նշանակալից միջոցներ ենք ներդնում զինված ուժերում, որովհետև չենք կարող բարգավաճել` չապահովելով անվտանգությունը: Աշխարհը իզգոյ վարչակարգերից, ահաբեկչությունից ու ռևիզիոնիստական տերություններից ավելի պաշտպանված դարձնելու համար` մենք դիմում ենք մեր բարեկամներին ու դաշնակիցներին` խնդրելով ավելի շատ միջոցներ հատկացնել սեփական անվտանգությանը և կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները: Մեր ընդհանուր անվտանգությանն անհրաժեշտ է, որ բոլորս մեր արդարացի բաժինը տանք: Իմ վարչակազմը հպարտ է, որ գլխավորել է բոլոր քաղաքակիրթ պետությունների միավորման պատմական կարևոր աշխատանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ու ամբողջ աշխարհում, որի նպատակը առավելագույն ճնշումն է, որ Կորեական թերակղզին միջուկազերծ գոտու վերածվի: Մենք առաջվա պես մեր գործընկերներին կոչ ենք անում հակադարձել ահաբեկիչներին աջակցող Իրանին և արգելափակել միջուկային զենքի ստեղծման նրա ճանապարհը:


Մենք գործակցում ենք դաշնակիցների ու գործընկերների հետ` ձգտելով ԻՊ-ի պես ջիհադական ահաբեկչական կազմակերպությունների ոչնչացմանը: ԱՄՆ-ը գլխավորում է մեծ կոալիցիա, որը ջանում է զրկել ահաբեկիչներին իրենց տարածքների ու բնակչության վերահսկողոթյունից, փակել ֆինանսական հոսքերը և վարկաբեկել նրանց արատավոր ու վտանգավոր գաղափարախոսությունը: Ես ուրախ եմ հաղորդել, որ ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիան վերադարձրել է Իրաքի ու Սիրայի տարածքների 100 %-ը, որ ինչ-որ ժամանակ այդ մարդասպանների վերահսկողության տակ էր: Մեր հաջողություններն ամրապնդելու համար մենք դեռ շատ պիտի կռվենք ու աշխատենք: Մենք ձգտում ենք ամեն ինչ անել, որ Աֆղանստանը երբեք չդառնա ահաբեկիչների ապաստան, որ ծարավ են մեր քաղաքացիներին սպանելու: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ ներկայացված երկրներին, որ միացել են մեզ այդ ծայրահեղ կարևոր պայքարում: Դուք ոչ միայն պաշտպանում եք ձեր քաղաքացիներին, այլև փրկում եք նրանց կյանքը և հույս եք վերադարձնում միլիոնավոր մարդկանց: Ահաբեկչության դեմ մենք պաշտպանելու ենք մեր երկրներն ու մեր քաղաքացիներին, մեր սահմանները: Մենք ամրապնդում ենք մեր միգրացիոն համակարգը, որ ապահովենք ազգային ու տնտեսական անվտանգությունը: Ամերիկան առաջադեմ տնտեսություն ունի, բայց մեր միգրացիոն համակարգը խրված է անցյալում: Մենք պետք է հրաժարվենք շղթայական միգրացիայի ներկա համակարգից, երբ միգրանտները գալիս են ընտանիքներով ու ազգականներով: Փոխարենը պետք է ներմուծենք միգրանտների ընդունման բալային համակարգ, որի համաձայն միգրանտները կընտրվեն մեր տնտեսության մեջ ներդրում անելու, իրենց նյութապես ապահովելու և մեր երկիրն ամրապնդելու ունակությունների հիման վրա:


Վերականգնելով Ամերիկան` մենք շահագրգռված ենք մեր աշխատաշուկայի զարգացմամբ: Մենք օգնում ենք մարդկանց, որ կախյալ վիճակում են, անկախ դառնալ, որովհետև գիտենք, որ աղքատության դեմ պայքարի լավագույն ծրագիրը աշխատավարձն է: Հաջողակ լինելու համար բավարար չէ մեր տնտեսության մեջ ներդրում անելը, մենք պետք է մարդկանց համար ներդրումներ անենք: Երբ մարդկանց մասին չեն մտածում, երբ նրանց մոռանում են, աշխարհը բաժանվում է մասերի: Միայն մոռացված մարդկանց լսելով ու արձագանքելով նրանց կարիքներին, մենք կարող ենք ստեղծել լուսավոր ապագա` իսկապես ընդհանուր բոլորիս համար:
Երկրի մեծությունը միայն այն չէ, ինչ նա արտադրում է, այլ շատ ավելին է: Երկրի մեծությունը նրա բոլոր քաղաքացիներն են, արժեքները, հպարտությունը, սերը, նվիրվածությունը և մարդկանց բնավորությունը, որ այդ երկիրն անվանում են իրենց տունը: Սկսած մեծ 7-յակի իմ առաջին միջազգային համաժողովից, հետո մեծ 20-յակի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից, Ասիա-Խաղաղօվկիանոսյան համաժողովից մինչև այսօրվա համաշխարհային տնտեսական համաժողով` իմ աշխատակազմը ոչ միայն ներկա է եղել բոլոր միջոցառումներին, ազդանշանել է, որ մենք բոլորս դառնում ենք ավելի ուժեղ, երբ ազատ ու ինքնիշխան պետությունները համագործակցում են` ձգտելով ընդհանուր նպատակները կյանքի կոչել:


Այս դահլիճում ներկա են ականավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Մեր մեջ կան ազգային ղեկավարներ, բիզնես տիտաններ, տնտեսական հսկաներ ու աշխարհի ամենապայծառ ուղեղները տարբեր ոլորտներում: Մեր իշխանության նպատակն է փոխել հայացքները, վերափոխել կյանքը և ձևավորել մեր երկրների ճակատագիրը: Բայց այդ իշխանությունից ու այդ իրավունքից բացի կան և պարտականություններ` ժողովրդին, աշխատողներին ու հաճախորդներին նվիրված լինելու պարտականությունը, որի շնորհիվ մենք դարձել ենք այն, ինչ կանք: Եկեք միասին որոշում ընդունենք օգտագործել մեր իշխանությունը, մեր ռեսուրսները և մեր ձայները ոչ միայն մեզ համար, այլև մեր մարդկանց, որ թեթևացնենք նրանց ճակատագիրը, հույս ներշնչենք ու երազանքներին աջակցենք: Պաշտպանենք նրանց ընտանիքները, մարդկանց, ում կողքին նրանք ապրում են, նրանց պատմությունը, նրանց անցյալն ու նրանց ապագան: Հենց դա էլ մենք անում ենք Ամերիկայում և արդյունքներն ակնհայտ են: Հենց այդ պատճառով մեզ մոտ բացվում են նոր ընկերություններ ու ձեռնարկություններ և այդ պատճառով մեր երկիր են հորդում ներդրումներ: Հենց այդ պատճառով գործազրկության մակարդակը մեր երկրում ամենացածրն է վերջին տասնամյակում: Այդ պատճառով Ամերիկայի ապագան լուսավոր է, ինչպես երբեք: Այսօր ես առաջարկում եմ բոլորիդ դառնալ այդ անհավանական ապագայի մասը, որ մենք միասին ենք կառուցում: Շնորհակալություն համաժողովի տանտերերին, շնորհակալություն այստեղ ներկա ղեկավարներին ու նորարարներին, բայց ամենագլխավորը` շնորհակալություն բոլոր աշխատասեր տղամարդկանց ու կանանց, որ ամեն օր կատարում են իրենց աշխատանքը` այս աշխարհն ավելի լավը դարձնելով բոլորի համար: Եկեք մեր երախտագիտությունը հայտնենք նրանց, որովհետև նրանց շնորհիվ գոյություն ունեն ու զարգանում են մեր երկրները: Շնորհակալություն, Աստված պահապան: Բոլորիս:


Հ.Գ. Հունվարի 27-ին, երբ Դավոսում ԱՄՆ նախագահը ելույթ էր ունենում, դահլիճում չէին Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը: Անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետը: Նրանք արդեն հեռացել էին կամ հեռանում էին Դավոսից: Գուցե դա արձագանքն էր ԱՄՆ-Եվրոպա քաղաքական դիմակայության, գուցե պարզապես պատասխան էր` չէ՞ որ Թրամփն էլ նրանց ելույթներին ներկա չէր: Գուցե սա ԱՄՆ նախագահի լավագույն ելույթը չէ պաշտոնավարման մեկ տարում: Գուցե նույնիսկ իր դեպքում խնդրահարույց հարցերը շատ են, ինչպես իրավիճակի անհամարժեք գնահատականները: Այդպիսին է Դոնալդ Թրամփը և այդպես է նա տեսնում աշխարհը: Դավոսի համաժողովը միայն պաշտոնական հանդիպումներն ու քննարկումները չեն, կուլիսային հանդիպումները, որ հրապարակային չեն դառնում, հաճախ շատ ավելի հարցեր են լուծում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ